0
0

Արարատի մարզ

Монастырь Хор Вирап. Фото: wikipedia.org

Արտաշատ քաղաքը՝ Արարատի մարզի վարչական կենտրոնը, գրեթե հինգ դար եղել է Հայաստանի մայրաքաղաքը: Նրա տարածքը բնակեցված է եղել դեռևս Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանում: Արտաշես թագավորը հիմնադրել է քաղաքը մ.թ.ա. II դարում, և այն ստացել է իր անվանումը հայոց թագավորի պատվին: Արտաշեսը քաղաքը կառուցեց առևտրային ուղիների խաչմերուկում, դրանով իսկ այն դարձնելով առևտրի կենտրոն:

Ներկայիս Արտաշատը երկրի գյուղատնտեսական խոշորագույն շրջաններից մեկն է: Քաղաքը շրջապատված է խաղողի և այլ մրգատու այգիներով:

Բիբլիական Արարատ լեռան ստորոտում գտնվում է Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր հուշարձաններից մեկը` Խոր Վիրապի վանքը: Այն կառուցվել է ստորգետնյա վիրապի վրա, որտեղ՝ ըստ լեգենդի, Տրդատ III թագավորի հրամանով բանտարկված է եղել Գրիգոր Լուսավորիչը քրիստոնություն ընդունելուց հրաժարվելու պատճառով: Գրիգոր Լուսավորիչը 13 տարի է անցկացրել այդ ստորգետնյա բանտում: Այդ ժամանակ Տրդատը ծանր հիվանդանում է, սակայն Գրիգորը բուժում է նրան: Թագավորը՝ որպես երախտագիտության նշան, զղջաց, և 301 թվականին քրիստոնեությունը հռչակվեց Հայաստանի պետական կրոն: Այսօր նույնպես սանդուղքով կարելի է իջնել այդ վիրապը, որտեղ բանտարկված է եղել Հայաստանի մկրտիչը:

642 թ.-ին զնդանի վրա կառուցվեց մատուռ, որը ավերվեց, իսկ XVII դարում դրա տեղում կառուցվեց նորը:

IV դարի սկզբին Արտաշատի հյուսիսում Խոսրով Կոտակ արքան կառուցեց նոր քաղաք՝ Դվինը, որը Հայաստանի մայրաքաղաքն էր մինչև IX դարը: Քաղաքը շուտով դարձավ առևտրի և արհեստագործության խոշոր կենտրոն, այնտեղ արտադրում էին գործվածքներ, գորգեր, սպասք, ճենապակի: 1236 թվականին մոնղոլները վերջնականապես ավերեցին այն:

Դվինի համակարգային պեղումները սկսվեցին 1937 թվականից և զգալի նյութ տվեցին Հայաստանի V-XIII դարերի մշակույթի մասին: Ամրոցում հայտնաբերվել են Հայաստանի ղեկավարների՝ 893 թվականի երկրաշարժից հետո կառուցված պալատների ավերակները (դրանց տակ հայտնաբերվել են IV-IX դարերի պալատական կառույցների ավերակներ), պաշտոնյաների բնակելի տներ և X-XIII դարերի կավագործական արհեստանոցներ: Քաղաքի կենտրոնում գտնվում են տաճարի ավերակները, որը վերակառուցվել էր VII դարում III դարի հեթանոսական բազիլիկ տաճարից, կաթողիկոսական պալատը (V դար), բազիլիկ եկեղեցին (VI դար), մեծ քարավանատունը ( VI դար) և այլն: Դվինի վարպետների ստեղծած կենցաղային և արվեստի բազմաթիվ առարկաներ այժմ պահվում են Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում:

Արարատի մարզում՝ Գեղամա լեռների հարավային հատվածում է սփռված Խոսրովի արգելոցը, որի կաղնու անտառները տնկվել են Խոսրով Կոտակի կողմից: Արգոլոցը գտնվում է պետական հոգածության ներքո, այն ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ: Այստեղ աճում է բույսերի 1686 տեսակ, որոնցից 146-ը գրանցված են Կարմիր գրքում: