0
0

Երևան

Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Այն «հավերժական քաղաքից»՝ Հռոմից, հին է 29 տարով: Երևանի պատմությունը սկիզբ է առնում մ.թ.ա. 782 թվականին Արգիշտի I թագավորի կողմից ուրարտական ամրոց Էրեբունու կառուցումից:

Երևանի հարավարևելյան հատվածում՝ Արին-Բերդ բլուր-հնավայրում, կարելի է տեսնել բերդաքաղաքի վերականգնված և վերակառուցված ավերակները: Ամրոցի ավերակները հայտնաբերվել են 1947 թվականին՝ Չալմակչի գյուղի և Արին-Բերդ բլրի տարածքում Բորիս Պիոտրովսկու գլխավորած պեղումների ժամանակ:  Բլրի ստորոտին կառուցված Էրեբունի թանգարանում պահվում են հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերված այնպիսի իրեր, ինչպիսիք են՝ զարդեր, կենցաղային առարկաներ, սեպագիր աղյուսակներ, որմնանկարների պատառիկներ և այլն:

Երևանի հարավարևմտյան ծայրամասում՝ Կարմիր բլրի վրա են գտնվում մ.թ.ա.. VII դարի կեսերին Ռուսա II թագավորի հիմնադրած ուրարտական մեկ այլ ամրոցի՝ Թեյշեբայինիի ավերակները:

Երևանի «սիրտը» Հանրապետության հրապարակն է: Դրա շինարարությունը սկսվել է 1924 թվականին, երբ քաղաքի գլխավոր ճարտարապետը Ալեքսանդր Թամանյանն  էր: Այցելելով հրապարակը՝ կարելի է տեսնել հին խոշոր շինություն՝ Հայաստանի պատմության թանգարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի թանգարանային համալիրը, Կառավարության շենքը, Արտաքին գործերի նախարարության, Էներգետիկայի նախարարության շենքերը, Հայփոստը և Marriott Armenia հյուրանոցը: Բոլորը կատարված են միասնական ոճով, ճակատամասերը զարդարված են հին հայկական զարդաքանդակներով: Թանգարանի առջևում երգող շատրվաններ են, և ըստ երաժշտական ստեղծագործության՝ փոխվում են ջրի գույնը և ճնշումը: Հրապարակի մոտ կարելի է խմել հայտնի պուլպուլակների համեղ և մաքուր ջուրը:

Ազգային պատմության թանգարանում ներկայացված են գտածոների տպավորիչ հավաքածուներ, որոնք ընդգրկում են քարե դարից մինչեւ մեր օրերը ընկած ժամանակաշրջանը: Ազգային պատկերասրահում ներկայացված են հայ, ռուս եւ արեւմտաեվրոպական նկարիչների ստեղծագործությունները և կտավները: Անշուշտ, մեկ օրը բավական չէ պատմությունը եւ կերպարվեստը մեկ հարկի տակ միավորող այս թանգարանային համալիրը այցելելու համար:

Երևանը թանգարանների կենտրոնատեղի է: Երևանի պատմության թանգարանը, Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանը, Հենրիխ Իգիթյանի անվան ժամանակակից արվեստի թանգարանը (առաջինը ԽՍՀՄ-ում՝ նվիրված ժամանակակից արվեստին) Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը, Սերգեյ Փարաջանովի թանգարանը համարվում են Երևանի պարտադիր այցելելու թանգարաններ:

Այցելել Երևանը և չլինել Մատենադարանում մեծ բացթողում կլինի: «Եթե հայ ժամանակակից ճարտարապետության մեջ շատ նմուշներ են հիասքանչ համարվում, ապա Մատենադարանը այդ հիասքանչ նմուշների մեջ ամենից հիասքանչն է», - նշում է գրող Անդրեյ Բիտովը իր «Հայաստանի դասերը»  ուղեգրության մեջ: Հին ձեռագրերի՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան ինստիտուտը միաժամանակ հանդիսանում է յուրօրինակ գրապահոց, գրադարան և գիտական ինստիտուտ: Այստեղ պահվում են ավելի քան 100 000 հնագույն փաստաթցթեր, մոտ 13 000 հայկական ձեռագրեր և 2000 հազվագյուտ ձեռագրեր հայերենով, արաբերենով, ռուսերենով, հունարենով և պարսկերենով գրված: Մատենադարանը ոչ միայն Հայաստանի պատմության և մշակույթի մասին գիտելիքների գանձարան է, այլև Մերձավոր և Միջին Արևելքի, Կովկասի այլ ժողովուրդների: Ամբողջովին պահպանված հնագույն ձեռագիրը VII դարի Վեհամոր ավետարանն է: Մատենադարանում պահվում են նաև հայ միջնադարյան գրքային մանրանկարչության հիանալի նմուշներ:

Երևանում առանձնահատուկ նշանակության վայր է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը՝ նվիրված 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն տեղակայված է համանուն բլրի  վրա: Հուշահամալիրը կառուցելու գաղափարը ծագել է 1965 թվականին՝ ողբերգության 50-ամյա տարելիցին: Այստեղ ամեն մանրուք իր խորհուրդն ու առանձնահատուկ իմաստը ունի: 44 մետրանոց սյունը, որը ճեղքվածքով բաժանված է երկու մասի՝ հիմքից մինչև գագաթը, խորհրդանշում է աշխարհով մեկ սփռված, բաժան-բաժան եղած հայ ժողովրդին: Վեր բարձրանալով՝ այն խոսում է ժողովրդի՝ վերածնվելու ցանկության մասին: 12 խոշոր քարե սալիկները խորհրդանշում են պատմական Հայաստանի 12 նահանգները, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը: Դրանց մեջտեղում վառվում է անմար կրակ: 100 մետրանոց պատի վրա փորագրված են բոլոր այն քաղաքներն ու բնակավայրերը, որտեղ արյունահեղություն է կատարվել: Հուշահամալիրի տարածքում է գտնվում Ցեղասպանության թանգարանը՝ բացված 1995 թվականին: Թանգարանում պավում են ցեղասպանության զոհերի վերաբերյալ կամ նրանց պատկանող փաստաթցթեր, լուսանկարներ, անձնական իրեր:

Երևանի կենտրոնում  վեր է խոյանում Հաղթանակի այգին: Այգու խորքում է գտնվում անհայտ զինվորի գերեզմանը, որի վրա վառվում է հավերժական կրակը: Այստեղ է գտնվում «Մայր Հայաստան» հուշարձանը՝ նվիրված Մեծ հայրենականում Խորհրդային Միության տարած հաղթանակին: Հուշարձանը, որը խորհրդանշում է Հայաստանի պաշտպանությունը, իրենից ներկայացնում է կին՝ ձեռքում բռնած սուրը, իսկ ոտքերի մոտ վահան: Հուշարձանի գրանիտե բարձր պատվանդանի ներսում գտնվում է ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական թանգարանը, որի ցուցանմուշները նվիրված են Հայրենական մեծ պատերազմին և Արցախյան հերոսամարտին:

Երևանցիների և զբոսաշրջիկների սիրելի զբոսավայրերից է Կասկադը, որի աստիճաններից բացվում է Արարատ լեռան գեղատեսիլ համայնապատկերը: Կասկադի կառույցները ներդաշնակորեն միավորված են Մոսկովյան փողոցի և Մաշտոցի ու Բաղրամյանի պողոտաների միջև տեղադրված պուրակով: Դրա հորիզոնական հատվածը` 200 մետր երկարությամբ Թամանյանի փողոցը, սկսվում է Ալեքսանդր Թամանյանի արձանով: Ողջ փողոցը իրենից ներկայացնում է ժամանակաից արվեստի թանգարան: Այստեղ են ցուցադրված աշխարհի տարբեր երկրների արվեստագետների աշխատանքները: Կասկադը աստիճանների, շատրվանների և ծաղկարանների մի միասնական համակարգ է:

Կասկադը պսակված է օբելիսկով, որում կիրառված են ուրարտական գեղարվեստական մոտիվներ: Կասկադի համալիրում է գտնվում Գաֆեսճյան արվեստի կենտրոնը՝ հիմնադրված ամերիկահայ բիզնեսմեն և հավաքորդ Ջերարդ Լևոն Գաֆեսճյանի կողմից:

Երևանի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի պետական թատրոնը, որը կառուցված է Ալեքսանդր Թամանյանի նախագծով: Օպերայի շենքի մոտ են գտնվում Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի արձանները: Հրապարակից քիչ այն կողմ տեղակայված է պուրակ, որի արևելյան հատվածում գտնվում է Կարապի լիճը՝ իր ձևով հիշեցնելով Սևանա լիճը: Դրա ափին կարելի է տեսնել Առնո Բաբաջանյանի արձանը:

Սուրբ Զորավորը (Անանիա) Երևանի հնագույն եկեղեցիներից մեկն է: Այն հանդիսացել է վանական համալիրի մի մաս, որի  մեջ մտել են եկեղեցի, մատուռ, արքեպիսկոպոսի նստավայրը և ծխական դպրոց: 1632-1635 թվականներին այն ամբողջությամբ վերակառուցվել է, իսկ 1679 թվականին հիմնովին ավերվել երկրաշարժի պատճառով: Ներկայիս Սուրբ Զորավորը վերակառուցվել է 1693 թվականին մի երևանցի բարերարի ջանքերով: 1889 թվականին եկեղեցուն կից կառուցվել է  Սուրբ Անանիա մատուռը: 1970-ականներին այն վերակառուցել են: Եկեղեցու հիմքում հանգչում են VII դարից պահպանված՝ Սուրբ Անանիայի մասունքները:

Վերնիսաժը Երևանի ամենահետաքրքիր և կոլորիտային վայրերից է: Բացի հուշանվերներից՝ այստեղ կարելի է գտնել հայկական երաժշտական գործիքներ,  հին տեսախցիկներ, մետաղադրամներ, նամականիշներ, բուկինիստական հրատարակություններ:

....